Երևանի պետական բժշկական համալսարանի շենքերը աճուրդով կօտարվեն. հայտնի է մեկնարկային գինը

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ ավելի քան 1, 8 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերն աճուրդով կօտարվեն։ Որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 մլրդ847 մլն 300 հազար դրամ։
Խոսքը վերաբերում է Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 և 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 և 853.6 քմ մակերեսներով շենք-շինություններին, ինչպես նաև դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված հողամասերին:
ՊՆ–ի նախկին հողատարածքն աճուրդի կհանվի
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով, սական տարիներ ի վեր այն փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։
«Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ ավելի քան 92 մլն դրամ, որը գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե»,– նշված է որոշման մեջ։
Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ ավելի քան 1 մլն դրամը։
Կառավարությունը կրկին աճուրդի է հանում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտը