Բոբ Մենենդեսը քննադատեց Պետդեպի պաշտոնյային Ալիևի մասին հարցին չպատասխանելու համար

Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է պատասխանել սենատորի ուղիղ հարցին, թե ինչու Ալիևը չի ցանկանում բացել Լաչինի միջանցքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Պետդեպարտամենտը երբեմն ասում է բաներ, որոնք ուղղակի զարմանալի են։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ լսումների ավարտին, որին հրավիրվել էր նաև Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի ժ.պ. Յուրի Քիմին։
Պատասխանելով սենատորների հարցերին` Քիմը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները համաձայնագրի կողմ չէ (նոյեմբերի 9, 2020 - խմբ.), սակայն Վաշինգտոնը «շարունակում է ջանքերը գործադրել իրավիճակը կարգավորելու համար»:
Սրան ի պատասխան Մենենդեսն ասաց, որ Լաչինի միջանցքի բացմանը համաձայնություն չի տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«ԱՄՆ-ի և Եվրամիության վարչակազմը դրա համար ջանքեր է գործադրում, Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր որոշումներ է կայացրել, ինչո՞ւ սրանից հետո, ըստ Ձեզ, Ալիևը չի բացում միջանցքը»,–հարցրեց սենատորը։
Դրան Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանեց, որ կարող են այս քննարկումներն անցկացնել այլ ձևաչափով (նկատի ունի փակ դռների հետևում - խմբ.):
Մենենդեսը հարցրեց, թե ինչը կարող է գաղտնի լինել պարզ այն ​​հարցի պատասխանում, թե ինչու Ալիևը չի լսում ԱՄՆ վարչակազմին և Եվրամիությանը։
Պետդեպարտամենտի խոսնակ Յուրի Քիմը կրկնեց, որ կան բաներ, որոնք ինքը կցանկանար քննարկել այլ ձևաչափով։
«Այդ դեպքում ես Ձեզ մի պարզ և ոչ գաղտնի պատասխան կտամ. Ալիևը չի ցանկանում բացել միջանցքը, քանի որ նա փորձում է ստիպել այդ մարդկանց (Արցախի հայերին-խմբ.) ենթարկվել՝ սովից դրդված կամ դրա սպառնալիքից: Եվ այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Ես Սենատում եմ ավելի քան 30 տարի և երբեմն ուղղակի զարմանում եմ, թե ինչ են ասում Պետդեպարտամենտի պաշտոնյաները»:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։