Այցելե՞լ է Սերժ Սարգսյանը Բադեն–Բադեն պետական միջոցներով. դատախազությունը փակել է գործը

ՀՀ դատախազությունից նշում են, որ գործում հանցակազմ չի հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Քրեական գործը կարճվել է, քանի որ ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել»,– հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը 2021 թ–ի հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, որտեղ վերջինը ներկայացրել է, որ Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթեր` դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք։