Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել. Խանդանյանը` ՀՀ սահմանին ռազմական կուտակումների մասին

Սարգիս Խանդանյանը ԱԺ—ում. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով` Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին։ ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա, և ուժի կիրառմամբ չփորձի Ադրբեջանը հարց լուծել»,– նշեց նա:
Ըստ նրա` Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:
Բացի այդ, նա կարծում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:
«Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու ու խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան»,– ընդգծեց Խանդանյանը:
Նրա տեղեկություններով` Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության վերաբերյալ ՀՀ առաջարկներին։
Նշենք, որ 2022 թ. մարտից Երևանն ու Բաքուն մի քանի անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներով։ Օգոստոսի 24–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների նոր փաթեթ:
Հարցին` արդյոք առաջիկայում միջնորդներից կա՞ն առաջարկներ նոր բանակցություններ անցկացնելու վերաբերյալ, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան, իսկ եթե լինեն, ապա ՀՀ արտաքին գերատեսչությունն այդ մասին կտեղեկացնի։
Նա նաև չցանկացավ որևէ զուգահեռ անցկացնել Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո սահմանային լարվածության թուլացման հետ։
«Այդ հեռախոսազրույցը նպատակ ուներ ներկայացնելու առկա իրավիճակը, նաև խոսվել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակներից»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին: