Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Փաշինյանը պնդում է, որ անգամ իրեն ամենահարազատ մարդը, եթե վարչական լծակը գործի դնի, ապա պատժվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Եթե պարզվի` ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա վարչական լծակի օգտագործմամբ ինչ–որ մեկին տանում է հանրահավաքի, ընտրության, ապա նա կազատվի աշխատանքից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
«Ներում–բեկում չի լինելու։ Ուզում է` իշխանության հանրահավաքին տանի, ուզում է` ընդդիմության, որտեղ ուզում է` տանի, էդ մարդն ազատվելու է աշխատանքից։ Եթե պարզվի, որ այդ մարդն ինձ ամենամոտն է, ուրեմն` նախ կդադարի լինել ինձ հարազատ, երկրորդ` կազատվի աշխատանքից»,– ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա առաջարկեց իրեն փոխանցել ցուցակներն ու հիմնավորումները` խոստանալով հաջորդ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալ արդյունքներին։
Նշենք, որ օրերս սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի տղամարդ հարցնում և ցուցակագրում էր Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին մասնակցող մանկապարտեզների, դպրոցների և այլ պետական հաստատությունների աշխատակիցներին։