ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին հայտնաբերվել է զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ Ալեքս Ավանեսյանը մահացել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում։
«Գլխի շրջանում հրազենային վնասվածք է եղել, կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարության (ԶՔԳՎ) 6-րդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։