Կապան–Երևան չվերթերի համար միակ խնդիրը եղանակային պայմաններն են. Սանոսյան

Կապան–Երևանի չվերթի ինքնաթիռը
Նավիգացիոն նոր սարքավորումներն առավել կհեշտացնեն չվերթերի սպասարկումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Կապան–Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են, միակ խնդիրը, որ լինում է եղանակային պայմաններն են։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչպիսի ընթացք ունեն թռիչքները։
Նա հայտնեց, որ եղանակային պայմաններով պայմանավորված` 4 անգամ արդեն խնդիրներ եղել են։
«Բայց նման խնդիրներ ունեցել ենք նաև Սովետական Միության տարիներին, երբ բավականին ծանրաբեռնված աշխատել է, բայց եղանակային պայմանների դեպքում կրկին նման հարցեր եղել են»,– նկատեց նախարարը։
Սանոսյանի խոսքով` հիմա նավիգացիոն ոլորտում նոր սարքավորումների գնման կարիք կա, ինչն արդեն ընթացքի մեջ է։ Ըստ նրա` նոր սարքավորումներն առավել կհեշտացնեն չվերթերի սպասարկումը։
Նշենք, որ Կապան–Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին պաշտոնապես բացված Երևան–Կապան–Երևան չվերթը ընդամենը 4 օր անխափան իրականացվելուց հետո օգոստոսի 25-ին չկայացավ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օգոստոսի 28-ի չվերթը ևս չեղարկել է ու դարձյալ եղանակի պատճառով։
ՀՀ մայրաքաղաքից դեպի Սյունիքի մարզ կանոնավոր չվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Չվերթերն իրականացվում են L-410–UVP E20 տիպի 17–տեղանոց ինքնաթիռով։