ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանում վերջին օրերին ավելացել է կորոնավիրուսով վարակվածներիթիվը։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է Covid -19-ով հիվանդանալու 71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 29-ով ավելի է:
Նախորդ շաբաթ մեր երկրում 42 դեպք էր արձանագրվել։ Թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են` կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%):Նախարարությունը հայտնում է, որ մեր երկրում հայտնաբերվել է «Օմիկրոնի» նոր` «Ակրուքս» ենթատեսակը:
Հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Covid-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում։ Եվրոպական տարածաշրջանում աճում է «Օմիկրոնի» մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը:
«Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ներառյալ կորոնվիրուսային հիվանդության) սեզոնային հիվանդացության և հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, Covid -19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար»,– տեղեկացնում են ԱՀԿ–ից:
Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ, սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություն։
Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական կազմակերպություններում Covid -19-ի վաղ հայտնաբերման համար այժմ սուր շնչառական վարակներով պացիենտների շրջանում իրականացվում էկասկածելի դեպքերի թեստավորում: