ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 12–ին Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ է տեղափոխվել մթերային 1000 փաթեթ։
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ հումանիտար օգնությունը կտրամադրվի.
• Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,
• Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ,
• 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդենք լրացուցիչ:
Հիշեցնենք` փաթեթների մեջ ներառված է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոն (3 հատ), 1 կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց5 հատ շոգեխաշուկ (Тушенка) 5 հատ։ Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։
Արցախ է բերվել նաև 192 մանկական հավաքածու։
Մանկական հավաքածուն ներառում է 1 հատ կիսել, 3 հատ վիտամինային պաստիլա, 1 ատամի խոզանակ, 8 հատ մանկական խյուս, 1 հատ մանկական ձկան յուղ, 1 հատ մանկական ցանափոշի։