Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք եք խոստացել. Փաշինյանը` ընդդիմությանը

Նիկոլ Փաշինյան
Ավելի վաղ մի շարք քաղաքական գործիչներ հակափաստարկներ էին ներկայացրել այն մասին, որ Ռուսաստանն այս տարիների ընթացքում ոչ միայն մեծ քանակի զենք է վաճառել Հայաստանին, այլև անվճար էլ է տրամադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ 1999 թվականին իշխանությունն է խոստացել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչ է վարչապետը խոստացել Ադրբեջանին։
«Ադրբեջանն ուզում է ստանալ, ինչ դուք ավելի ուշ էլ եք պայմանավորվել, ուզում է ստանալ այն, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք համաձայնել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում։ Այ դա է ուզում ստանալ»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ իր մատնանշած խոստումները վերաբերում են Մեղրիի փոխանակման ծրագրին, Ստամբուլի հռչակագրին։ Վարչապետի խոսքով` Քի Վեստի բանակցություններում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակն Ադրբեջանի կազմում։
Անդրադառնալով Աննա Գրիգորյանի հայտարարությանը, թե միջազգային կոնսոլիդացիայի փոխարեն այսօր Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել` Փաշինյանը հակադարձեց, թե մեր երկիրը շատ ավելի վաղուց էր միջազգային մեկուսացման մեջ։
«Այն փաստը, որ Ադրբեջանը 2000-2017թթ. և դրանից հետո էլ ձեռք է բերել տասնյակ միլիարդների զենք–զինամթերք, այդ թվում` մեր ռազմավարական դաշնակցից, ամենավառ վկայությունն է այն բանի, որ մենք միջազգային մեկուսացման մեջ ենք եղել, այդ թվում` մեր մերձավոր դաշնակիցների շրջանակում։ Բա որտեղի՞ց է ձեռք բերել այդ զենքը, բա ինչո՞ւ ՀՀ–ն չի կարողացել այդ զենքը ձեռք բերել»,– ասաց Փաշինյանը։
Նա պնդեց, որ Ադրբեջանին խոստացել է այն, ինչի մասին բազմիցս իր հայտարարել է հրապարակային ելույթներում, ոչինչ ավելի։
Նշենք, որ դեռ հունիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած մի շարք հայտարարություններին, այդ թվում` Մեղրիի փոխանակման թեմային։ Քոչարյանի գրասենյակից հայտարարել էին, որ իրականում «Մեղրիի փոխանակման» առաջարկի հեղինակը Հեյդար Ալիևն է եղել, և այն երբեք չի քննարկվել եռանախագահների ձևաչափում ու մերժվել է հայկական կողմից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից զենք ձեռք բերելու թեմային, ապա այն բազմիցս է քննարկման առարկա դարձել, Փաշինյանը մի քանի անգամ իր հրապարակային ելույթներում նշել է, թե Ադրբեջանի հետ ՌԴ բազմամիլիարդանոց զենքի գործարքներ է ունեցել, որոնք կնքվել են այն ժամանակ, երբ Հայաստանում Սերժ Սարգսյանն էր նախագահ, ուստի նախկին իշխանություններն իրեն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մեջ մեղադրելու իրավունք չունեն ։
Մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը` ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել էր, որ Սարգսյանի օրոք ստորագրվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարաձգման վերաբերյալ համաձայնագիր։ Նրա նախագահ եղած ժամանակ Հայաստանն առաջինն է Ռուսաստանից «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական համալիրներ ստացել, իսկ ավելի ուշ էլ ստորագրվել են 300 մլն դոլարի համաձայնագրեր, որոնցով Հայաստանը ներռուսական գներով ստացել է սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Իսկ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը նախկինում լավ էլ մեզ զենք վաճառել է, առանց գումարի էլ է տվել։