«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նովոսիբիրսկից 180 կմ հեռավորության վրա՝ Կամենկա բնակավայրի մոտակայքում: Արտակարգ պատահարի վայր որոնողափրկարարական ինքնաթիռ է ուղարկվել՝ «Ռոսավիացիայի» փրկարարներով, հայտնում է ռուսական գերատեսչությունը:
«Վայրէջքն իրականացվել է Կամենկա բնակավայրի մոտակայքում (Նովոսիբիրսկից մոտ 180 կմ հեռավորության վրա) օդից ընտրված հարթակի վրա։ Օգնություն ցուցաբերելու նպատակով Նովոսիբիրսկի մարզում կազմակերպվել է օպերատիվ շտաբ, օգնություն կազմակերպելու նպատակով Օմսկից մեկնել է «Ան-26» որոնողափրկարարական ինքնաթիռը՝ «Ռոսավիացիայի» փրկարարներով: Ավտոբուսներ են ուղարկվել նաև Կամենկայի շրջան՝ Նովոսիբիրսկ տեղափոխումը կազմակերպելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Shot Telegram ալիքի տվյալներով՝ «Ուրալյան ավիաուղիների» Airbus A320-ի օդաչուները վայրէջք չեն կատարել Օմսկում, ինչը կանխել է սարսափելի ողբերգությունը: Հիդրավլիկ համակարգի ձախողումից հետո անձնակազմը վախենում էր, որ ինքնաթիռը չի բավարարի Տոմսկի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը, և նրանք ամբողջ արագությամբ դուրս կգան դրա սահմաններից:
Ամեն ինչ պայմանավորված է նրանով, որ երբ հիդրավլիկան անջատվում է, ինքնաթիռի թևերի արգելակային կափույրները չեն գործում: Արդյունքում օդաչուները որոշում են կայացրել Նովոսիբիրսկ տանել ինքնաթիռը։ Ճանապարհին նրանց վառելիքը սպառվել է, և ինքնաթիռը ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել դաշտում։
«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Սոչի-Օմսկ երթուղով։ Ինքնաթիռում եղել է 170 մարդ, որից 23-ը՝ երեխա։ Անձնակազմի հետ կապ է հաստատվել։ Բոլոր ուղևորները տարհանվել և տեղավորվել են մոտակա բնակավայրում:
Ռոսավիացիայից ճշտել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, բժշկական օգնության ոչ ոք չի դիմել:
Ստեղծվել է հանձնաժողով՝ «Ուրալյան ավիաուղիների» օդանավի հետ լուրջ ավիավթարի պատճառներն ու հանգամանքները քննելու համար։