Ուկրաինայում խաղաղություն հաստատելու առաքելություն. Հռոմի պապի բանագնացը մեկնել է Չինաստան

Հռոմի պապ
Այս այցը խաղաղապահ առաքելության հերթական փուլն է, որի նպատակը, Հռոմի պապի հայտարարության համաձայն, արդար խաղաղության ուղիներ գտնելն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի պապի բանագնաց կարդինալ Մատտեո Մարիա Ցուպին Ուկրաինայում խաղաղություն հաստատելու առաքելության շրջանակում մեկնել է Չինաստան։ Հունիս–հուլիսին կարդինալը եղել է Կիևում, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչպես նաև այցելել է Մոսկվա և Վաշինգտոն։
Կարդինալ Ցուպին Պեկինում կլինի սեպտեմբերի 13-15-ը։ Այս այցը խաղաղապահ առաքելության հերթական փուլն է, որի նպատակը, Հռոմի պապի հայտարարության համաձայն, արդար խաղաղության ուղիներ գտնելն է:
Նշենք, որ մոսկովյան այցի ժամանակ կարդինալը երկար խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովի հետ։ Նա հանդիպել է նաև նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա–Բելովայի հետ։ Հանդիպում եղել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Ցուպին այդ հանդիպումն արգասաբեր է անվանել։
Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Զելենսկուն. տեսանյութ
ԱՄՆ–ում կարդինալը հանդիպել է նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ Կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի նախագահի Թիմոթի Բրոլյոյի և մի շարք այլ գործիչների հետ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։