ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ռուսաստանում բենզինի գներն արդեն ռեկորդային են` Սանկտ Պետերբուրգի բորսայում 1 տոննա դիզվառելիքի գինը հասել է 71 հազար ռուբլու, իսկ «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը` ավելի քան 67,6 հազարի։
Մեկ տարում գներն աճել են մի քանի տասնյակ տոկոսով։
«Այդ թանկացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում, քանի որ բենզինի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստանից։ Դրա հետ մեկտեղ բենզինը 470 ապրանքներից մեկն է, որով չափվում է գնաճը։ Բնականաբար, միաժամանակ բոլորը չեն կարող էժանանալ, բայց ընդհանուր առմամբ սպասում ենք գնաճի նվազեցման»,– նշեց Գալստյանը։
Նշենք, որ Հայաստանում գնաճը ցածր է. հունիսից այն բացասական է դարձել (մինուս 0,5%),, իսկ օգոստոսին կազմել է 0,2 %։ Դրա հետ մեկտեղ վերջին 3 ամսում աճում են բենզինի գները` հունիսին մոտ 10, հուլիսին` 11, իսկ օգոստոսին 8,5 տոկոսով, չնայած մինչ այս պահն այն 5 տոկոսով էժան է, քանի 1 տարի առաջ։
Հավելենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի գնահատմամբ` հանրապետությունում ապրանքների և ծառայությունների սպառման մեջ բենզինի տեսակարար կշիռը կազմում է 1.257 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ գազի մասնաբաժինը 3.800 տոկոս է կազմում։ Սա հաստատում է, որ բենզինը նաև Հայաստանի հիմնական վառելիքը չէ, ուստի դրա ազդեցությունն այլ ապրանքների գների վրա նույնպես սահմանափակ է։