ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Երևանում նախընտրական պաստառներ վնասելու համար քրեական վարույթներ են հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, վերջին օրերին Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքեր են արձանագրվել, որոնցից 1-ը եղել է «Ուժը հայրենյաց», 2-ը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները։
Սեպտեմբերի 10-ին` ժամը 23:02-ին, քաղաքացին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ պոկել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բակերից մեկում կայանված, իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակիներին փակցված «Ուժը Հայրենյաց» կուսակցության պաստառները` պատճառելով գույքային վնաս:
Նույն օրը տեղեկություններ են ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի կանգառներից մեկում փակցված պաստառը վնասել է։
Կրկին նույն օրը` սեպտեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինության պատին փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը վնասված է:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) 1-ին մասով։
Կատարվում է նախաքննություն։