Ձերբակալվածներից 2-ը խորվաթ էին, 1-ը` հայ. մանրամասներ մարզադաշտի ծեծկռտուքից

Երկրպագուների վիճաբանությւոնը Հայաստան–Խորվաթիա խաղին
Երկրպագուներն արդեն ազատ են արձակվել, որևէ մեկը մարմնական վնասվածք չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 11-ի երեկոյան Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ տեղի ունեցած վիճաբանություն–ծեծկռտուքի հետևանքով ձերբակալված 3 անձանցից 2-ը խորվաթ երկրպագուներ էին, մեկը` հայ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195–րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 1-ին մասով»,– նշեց Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ 3-ն էլ արդեն ազատ են արձակվել, մարմնական վնասվածքներ չունեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում վիճաբանություն–ծեծկռտուքը 3 անձի ձերբակալությամբ է ավարտվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային ասել էին, որ սեպտեմբերի 11–ին` 21։05-ի սահմաններում, 3 անձ մարզադաշտից բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին։
Երեկոյան անհրաժեշտ փաստաթղթերը կազմվել են, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 11–ին կայացած հանդիպմանը մեր թիմը նվազագույն` 0։1 հաշվով պարտվեց խորվաթներին։
Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Մրցակցի հարկի տակ մեր հավաքականը մրցելու է խմբի հետնապահ Լատվիայի ընտրանու հետ։