Դատարանը մերժեց Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները

Աշոտ Գևորգյանը. Արխիվային լուսանկար
Բադալյանի և Գևորգյանի ձերբակալության հարցով դատական նիստերը դռնփակ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, որոնք վկայի կարգավիճակով ազատ արձակվեցին սեպտեմբերի 8-ին։
Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի ձերբակալությունից հետո փաստաբանը բողոքարկել էր այդ որոշման իրավաչափությունը։
Նշենք, որ Բադալյանի և Գևորգյանի ձերբակալության հարցով դատական նիստերը դռնփակ են եղել։
Բանն այն է, որ նախաքննական մարմինը ձերբակալելու որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել «հանցանք կատարելու պահին»։ Մինչդեռ փաստաբանը հիշեցնում է, որ ձերբակալման պահին իր պաշտպանյալները գտնվել են Գորիսի հյուրանոցում և զբաղված են եղել իրենց առօրյա աշխատանքային խնդիրներով։
«Այսօր դատական նիստը կայացավ, դատարանը 2 բողոքն էլ մերժեց, սակայն այս պահին դեռ ոչինչ չենք ստացել։ Դատարանը հրապարակեց միայն եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուց հետո կքննարկենք պաշտպանյալներիս հետ, ինչից հետո կորոշենք` բողոքարկել, թե ոչ։ Նիստերը բավականին հանգիստ մթնոլորտում անցան»,– նշեց Գրիգորյանը։
Հարցին, արդյոք Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը մասնակցել են նիստերին, փաստաբանն ընդգծեց, որ նրանք ներկա չեն եղել։