ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայտնի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեծ ցանկություն ունի Հայաստանում աշխատելու։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Նշենք, որ մի քանի օր առաջ Գրիգորյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Կրասնոդարի «Կուբանի» հետ, որտեղ աշխատում էր այս տարվա մայիսից։ Փորձեցինք ճշտել` ինչ պլաններ ունի Գրիգորյանը ապագայի հետ կապված։ «Ես մեծ ցանկություն ունեմ Հայաստանում աշխատելու և գիտեմ, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Ցանկությունը կա, իսկ հնարավորությունը, կարծում եմ` կլինի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Գրիգորյանը։
Մարզիչից տեղեկացանք, որ նա վերջերս նաև Հայաստանի քաղաքացիություն է ստացել, չնայած դա կարող էր անել հայկական ակումբերում աշխատելու ժամանակ։ «Հայաստանում աշխատելու ժամանակ, կարծես թե ուղղակի հնարավորություն չունեցա զբաղվել հայկական անձնագիր ստանալու գործով։ Պատերազմ էր, հետո էլ հայրս մահացավ, ու չստացվեց։ Հիմա ես արդեն Հայաստանի քաղաքացի եմ, ու դա ինձ համար սկզբունքային նշանակություն ունի», - հավելեց մասնագետը։
Ֆուտբոլային ոչ թոփ երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է, վաղուց արդեն ընդունված կարգ է ազգային հավաքականները համալրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներով։ Բացի այդ, Հայաստանի անձնագիրը մեր ազգային հավաքականում հանդես գալու հնարավորություն է տվել նաև այլ ազգերի ներկայացուցիչների, որոնք երկար տարիներ խաղացել են հայկական ակումբներում։ Նման մոտեցումը եղել է, կա և հաստատ շարունակական կլինի։ Բայց սա վերաբերվում է միայն ֆուտբոլիստներին։ Առանց Հայաստանի քաղաքացիության կարելի է մարզել հավաքական թիմերը, իհարկե եթե աշխատանքային հրավեր լինի ՀՖՖ-ից։
Ալեքսանդր Գրիգորյանը ժամանակին հրավեր ստացավ մարզելու Հայաստանի ազգային հավաքականը, բայց գործը պայմանագիր կնքելուն չհասավ` տարբեր պատճառներով։ Չնայած դրան իր աշխատանքային գործունությունը հիմնականում Ռուսաստանում ծավալած մարզիչը մնաց Հայաստանում ու աշխատեց նախ «Ուրարտու», ապա «Ալաշկերտ» թիմերում։ Գրիգորյանը համոզված է, որ դեռ աշխատելու է Հայաստանում, արդեն որպես ՀՀ քաղաքացի։
Հավելենք, որ Գրիգորյանը 2019-2021 թվականներին է գլխավորել Երևանի «Ուրարտուն», ապա՝ «Ալաշկերտը»: