Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Վերին Շորժա
Կրակ բացելուց առաջ Ադրբեջանը իրականությանը չհամապատասխանող երկու հաղորդագրություն էր տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ կրակոցներ արձակելուց առաջ Ադրբեջանն իրականությանը չհամապատասխանող երկու հաղորդագրություն էր տարածել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: