ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ–ի և ԵԱՏՄ–ի անդամ երկրների փոխադարձ առևտուրը աճում է. 2023 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը 150 մլրդ դոլար է կազմել։ Այս մասին սեպտեմբերի 12-ին VIII Արևելյան տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ–ԲՐԻԿՍ. դերը բազմաբևեռ նոր աշխարհի ձևավորման գործում» նստաշրջանի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների արտահանումը ԲՐԻԿՍ–ի երկրներ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 15%–ով։
«Ապրանքային այս հոսքերը, համոզված եմ, աճելու են, հաշվարկների ժամանակակից և հուսալի համակարգեր են անհրաժեշտ», – ասել է Մյասնիկովիչը։
Նա երկրների ֆինանսների նախարարություններին և կենտրոնական բանկերին առաջարկել է մինչ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը, որը կկայանա 2024 թվականին Կազանում, ուսումնասիրել ԵԱՏՄ–ի և ԲՐԻԿՍ–ի հետ կապված հարցերը։
Մյասնիկովիչը նշել է, որ ԵԱՏՄ–ում ներքին շուկան լիովին ապահովված է հիմնական ապրանքներով սեփական արտադրության հաշվին։
«Այժմ աշխատում ենք որակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Խոսքը աշխատանքի արտադրողականության աճի, նյութական և էներգետիկ ծախսերի նվազեցման մասին է», – ասել է Մյասնիկովիչը։
Նա նշել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։
Մյասնիկովիչը նկատել է, որ ԵԱՏՄ պետությունները լուրջ իրավասություններով են օժտված, սակայն ԲՐԻԿՍ–ի երկրների ընկերությունների մասնակցությունը կարող է լինել փոխշահավետ և արագացնել նոր ապրանքների արտադրման գործընթացները։
ԵՏՀ կոլեգիայի նախագահը Չինաստանի, Հնդկաստանի, ԲՐԻԿՍ–ի այլ երկրների ընկերություններին հրավիրել է նաև համատեղ գործունեություն ծավալելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաստոցաշինությունը, մեծ ծավալների քիմիական արտադրանքը, դեղագործությունը և մի շարք այլ ոլորտներ։