ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գետում տղամարդ է հոսանքահարվել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 8-ին` ժամը 15.55-ին, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից Եղեգնաձորի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Շատին գյուղի գետի մեջ հոսանքահարված մարդ կա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 15.30-ի սահմաններում, Գետափ գյուղի բնակիչ,1969 թ․ ծնված Ս․Հ․-ն Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է առանձնատանը հարակից սելավատարը, հոսանքահարվել այնտեղ ու մահացել:
Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: