Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է Փաշինյանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputtnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Էրդողանը երեկ G20 գագաթնաժողովի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»,– գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում։
Ըստ նրա` կողմերը նշել են, որ շարունակելու են այս ուղղությամբ դիվանագիտական ջանքերը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: