Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը

Ակտիվ ժայթքում է նկատվել միայն Հալեմաումաու խառնարանում։ Իրադարձությունների զարգացումից կախված` կվերանայվի վտանգավորության մակարդակը։
Sputnik
Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS)։
«Սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով 3.15–ի սահմաններում (Երևանի ժամանակով սեպտեմբերի 11-ի առավոտյան ժամը 3.15), ԱՄՆ Երկրաբանական ծառայության Հավայիի հրաբխային աստղադիտարանը (HVO) Կիլաուեայի բարձունքում հրաբխային ակտիվություն է նկատել տեսախցիկների պատկերների միջոցով, ինչպես նաև դաշտային հաշվետվություններ ստացել, որոնք մատնանշում են, որ Հալեմաումաու խառնարանում ժայթքում է սկսվել», – ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Կուրիլյան կղզիներում Էբեկո հրաբուխը 3 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել
Ավիացիոն վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել (կարմիր մակարդակ հայտարարվում է, եթե մթնոլորտ մոխրի զգալի արտանետումով ժայթքում է կանխատեսվում)։
USGS–ի տվյալներով` այժմ ակտիվ ժայթքում է նկատվել միայն Հալեմաումաու խառնարանում, իրադարձությունների զարգացումից կախված` ծառայությունը կվերանայի վտանգավորության մակարդակը։ Ժայթքման սկզբնական փուլերը դինամիկ են։ Խառնարանի հիմքի ճեղքերը լավայի հոսքեր են առաջացնում խառնարանի հատակի մակերեսին։
Հավայան կղզիներում (հայտնի է նաև որպես Մեծ կղզի) գտնվող Կիլաուեա հրաբուխն անվանում են Երկրի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը։ Կիլաուեան ավանդաբար համարվում է նաև Պելեի` Հավայիի հրաբուխների աստվածուհու բնակավայրը։
Վերջին անգամ հրաբուխը ժայթքել էր 2023 թվականի հունիսի 7-ին։
Ինչի է հանգեցրել «մթնոլորտային գետ» կոչվող երևույթը. կադրեր Կալիֆոռնիայից