Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը տեղի կունենա, երբ պահը հասունանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։ Այս մասին հայտնել էՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։
Օվերչուկը, սակայն, հավելել է, որ այս հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են։
«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա։ Ժամանակն անցնում է, մինչև մենք նորից վերադառնում ենք, նստում ու սկսում աշխատել, բայց դա չի նշանակում, որ բանակցությունները կասեցված են», - ասել է նա:
Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը տեղի կունենա, երբ պահը հասունանա։
Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. Լավրով
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում: