ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը շարունակում է սուտ լուրեր տարածել` տեղեկատվական հիմք նախապատրասռտելով հերթական սադրանքի համար։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է հաղորդագրությաՆ մեջ։
Նշվում է` ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 10–ին նույնպես ՊԲ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, և դրանք կասեցվել են ադրբեջանական կողմից։ Իսկ ավելի ուշ Ադրբեջանը կեղծ տեղեկություն էր տարածել ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին։