Լրատվամիջոցից մեջբերել են Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հայտարարությունը, թե Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020 թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի։
Բացի այդ, լրատվամիջոցը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
«Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և 2020թ. եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր հավատարիմ է մնացել այդ հայտարարությամբ պայմանավորված այն մոտեցմանը, որ դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,– նշված է ԱԳՆ խոսնակի պարզաբանման մեջ։
Անի Բադալյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն: