Պետդեպը կոչ է արել միաժամանակ բացել և՛ Լաչինի միջանցքը, և՛ Աղդամով անցնող ճանապարհը

ԱՄՆ Պետդեպի շենքը. Արխիվային լուսանկար
Վաշինգտոնը կոչ է արել Երևանին և Բաքվին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կոչ է արել միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Աղդամով անցնող ճանապարհը, որպեսզի հնարավոր լինի բեռներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը տարածել է Պետական դեպարտամենտը։
Նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում բավականին արագ վատթարացող հումանիտար իրավիճակով։
«Մենք նշում ենք, որ հումանիտար բեռները Լաչինի և Աղդամի մոտակայքում են և կրկնում ենք մեր կոչը՝ անմիջապես բացել երկու միջանցքն էլ, որպեսզի խիստ անհրաժեշտ հումանիտար բեռները հասնեն ԼՂ տղամարդկանց, կանանց և երեխաներին»,- ասված է հայտարարությունում։
Պետդեպը նաև կոչ է արել երկու երկրի ղեկավարներին որևէ գործողության չդիմել, որոնք լարվածությունն ավելացնում են։ ԱՄՆ-ն անթույլատրելի է համարում վեճերի լուծման համար ուժի կիրառումը։
Պետդեպը նաև ընդգծում է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, որոնք ուղղված են ուղիղ երկխոսության միջոցով ուղղված հարցերը լուծելուն, որպեսզի կողմերը հասնեն արժանապատիվ և տևական խաղաղության:
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստնաի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը աջակցում է խաղաղության, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղին՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա:
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։ Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: