Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ անցկացնել Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է Փաշինյան–Մակրոն զրույցի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Փաշինյանը պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին նա հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով վարչապետի և Ֆրանսիայի նախագահի զրույցի մանրամասները։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել էին, որ Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը:
«Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Մակրոն իր հերթին ասել է, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է նաև, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: