ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս մասին ասել է ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Ես կրկնեցի իմ մտահոգությունը այն մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման բաղկացուցիչ, բայց ոչ այլընտրանք»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ կարևոր է համարում Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է միայն Լաչինի միջանցքի ապօրինի փակման և դրա բացման հետ կապված հարցերը։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։