ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանի ցանկացած աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է։ Х սոցցանցի իր միկրոբլոգում այս մասին գրել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին` ներկայացնելով Ռայիսի–Փաշինյան զրույցի մանրամասները։
Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտար ուժերի (արտատարածաշրջանային) հետ աշխատելը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և կասկածելի ճամփորդությունները միայն բարդացնում են իրավիճակը։
Միաժամանակ նշվել է, որ Իրանը պատրաստ է օգնել ՀՀ–ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Ռայիսին զրուցել են հեռախոսով, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: