ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանը, որը ձերբակալվել է խուլիգանության և իրացման նպատակով թմրամիջոց պահելու մեղադրանքով, 2 ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։
Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
«Գալեյանը կտեղափոխվի համապատասխան քրեակատարողական հիմնարկ։ Ընթացակարգային կոպիտ խախտումներ կային, որոնց պարագայում կալանքի կիրառումը ոչ իրավաչափ էր։ Գարիկ Գալեյանն ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն։ Նման պայմաններում խափանման միջոց կալանք կիրառելն անձի նկատմամբ խոշտանգում է»,– հայտարարեց փաստաբանը։
Հովհաննիսյանը նշեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։
Անդրադառնալով Գալեյանին վերագրվող մյուս մեղադրանքին, որ նա շշով ջուր է լցրել անձի գլխին, փաստաբանն ասաց, որ նախաքննության սկզբից այդ մեղադրանքի պարզաբանման միջնորդություն էին ներկայացրել` հասկանալու, թե շշով մարդու գլխին ջուր լցնելը որ հոդվածով է համարվում խուլիգանություն։
«Վարույթն իրականացնող մարմին մենք խնդրել էինք, որ նա նաև համադրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը, երբ նա մարդու դեմքին թքել էր, ու այս դեպքը։ Մեր դիմումին որևէ ընթացք չեղավ։ Եթե մի դեպքում անձի դեմքին թքելը խուլիգանություն չէ, ապա ինչպե՞ս կարող էր շշով անձի գլխին ջուր լցնելը խուլիգանություն որակվել»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է թմրամիջոցների իրացման մեղադրանքին, ապա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այդ գործընթացի ամբողջ նպատակը Գարիկ Գալեյանին վարկաբեկելն է, «Որդիների կանչ» ՀԿ կողմից իրականացվող արդարացի պայքարը նսեմացնելը։
Ըստ փաստաբանի` Գալեյանի նկատմամբ առավելագույնը կարող են մեղսագրել անձնական օգտագործման նպատակով թմրամիջոց պահելու փաստը։
«Ես այդ երևույթը, իհարկե, չեմ արդարացնում, սակայն դա նաև ենթատեքստից կտրված չդիտարկենք. 44-օրյա պատերազմում ստացած վիրավորումների հետևանքով նա ունի գանգի ներհրվածք և գանգուղեղում բեկորներ, որոնք հնարավոր չէ հեռացնել։ Երկու տարի շարունակ մարդը ստացիոնար բուժում է ստացել։ Դուք պատկերացնո՞ւմ եք նրա ցավերը` գումարած հոգեկան ապրումները…Միգուցե ելքը նա այդպես է գտել։ Նրա մոտ հայտնաբերվել էր թույլատրելի փոքր քանակի մարիխուանա տեսակի թմրամիջոց»,– ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` եթե հիմնվենք ԶԼՄ–երի հրապարակումների վրա, ապա իշխանության ներկայացուցիչների մեծ մասին հենց թմրադեղերի օգտագործման հոդվածով պետք է քրեական հետապնդման ենթարկել։
Նշենք, որ Գարիկ Գալեյանի կինը, որն այսօր ընդդիմադիր պատգամավորների ու Գալեյանի ընկերների հետ դատարանի բակում սպասում էր խափանման միջոցի հրապարակմանը, ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել ամուսնու հետ. Գարիկ Գալեյանի հետ հանդիպել են միայն ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
«Ամուսնուս նկատմամբ իրականցվող այս քայլերը քաղաքական հետապնդում եմ համարում։ Երևի քիչ էինք կոտրված, հիմա էլ ավելի են ուզում կոտրել. ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում կոտրել»,– ասել էր Աստղ Գալեյանը։
Ինչ վերաբերում է տանն անցկացված խուզարկությանը, ապա Գալեյանի կինը նշել էր, որ իրավապահ մարմինները որևէ բան չեն հայտնաբերել։