Հարցն այն չէ, որ 94 տարեկանում մեռնելն այնքան էլ ծանր չէ (տա Աստված` բոլորն այդքան ապրեն), խնդիրը դատարկությունն է, որը գոյացավ Ալբերտ Ազարյանի հեռանալուց հետո: Հայերի ևս մեկ լեգենդ (Շառլ Ազնավուր, Մարշալ Բաղրամյան, Առնո Բաբաջանյան, Լեոնիդ Ենգիբարով, Միշել Լեգրան...) պակասեց։
«Պատիվ և երջանկություն էր լինել քո ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ, սիրելի՜ վարպետ», - Ազարյանի մահվան մասին տեղեկացնելիս գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Ինձ համար նույնպես: Այդպես կարող էին ասել և հաստատ ասում են հազարավոր երևանցիներ, որոնք իրականում տեսել են Ազարյանի թռիչքն օղակների վրա կամ լսել են դրա մասին։ Ամեն ինչ սկսվեց 1953 թվականին։
Լենինգրադ, մարմնամարզության աշխարհի առաջնության ընտրական մրցումներ: Հայաստանն առաջատարների թվում է, բայց առաջին շարքում մնալու համար Ազարյանը պետք է ձեռքերով օղակների վրա հենված, հասակով մեկ մարմինը հստակ ֆիքսեր երեք վայրկյան։ Այդ երեք վայրկյանը ոչ մեկին չէր հաջողվում հաղթահարել։
Ազարյանը վերջինը մոտեցավ օղակներին, դիրքն ընդունեց։ Երեք վայրկյանն անցավ, իսկ նա դեռ պահում էր իր «խաչը»։ Հետո որոշեց դատավորներին հարցնել՝ հերի՞ք է, թե՞ շարունակի։ Սկզբում ձախ կողմում նստած դատավորին հարցրեց․ «Բավակա՞ն է»։ Դրական պատասխան ստանալով` շրջվեց դեպի աջ կողմի դատավորը և նույն ժպիտը դեմքին հարցրեց․ «Հերի՞ք է»։ Աջից նույնպես գլխով արեցին։ Այսպես էլ ծնվեց մարմնամարզության բարդագույն վարժությունը՝ «Ազարյանական խաչը»՝ 90 աստիճան պտույտով։
Ալբերտ Ազարյան
© ru.hayazg
Այստեղ, ճիշտ է, անսպասելիորեն հնչեց․ «Որակազրկե՛լ»։ Ինչի՞ համար։ Պարզվեց՝ կանոնների խախտման։
«Ո՞վ է տեսել, որ մարզիկը վարժություն կատարելիս զրուցի դատավորների հետ»,-հարցրեց մրցավարներից մեկը։
Իսկապես, չտեսնված բան էր։
«Իսկ մեզնից ո՞վ և ե՞րբ է այսպիսի խաչ տեսել»,-առարկեց մյուս մրցավարը։
Եվ նա նույնպես ճիշտ էր, այդպիսի բան ոչ ոք և երբեք չէր տեսել։ Հետո ամբողջ աշխարհը տեսավ ու հիացավ։ Մի խոսքով, Ազարյանի արդյունքը գրանցեցին։
Հիմա հիշենք ձեռքբերումների մասին։ Օլիմպիական եռակի չեմպիոն (հայերից միակը), աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 11 անգամ ԽՍՀՄ չեմպիոն։
Հիշեցնենք կոչումների մասին։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ: Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ: Շքանշաններ, մեդալներ, գավաթներ․․․ Կենդանության օրոք արձան, որին քչերն են արժանանում, իսկ Ազարյանի համար կանգնեցրին։
Դպրոցը, որը նա հիմնել է և որը ղեկավարեց ամբողջ կյանքում, սկզբում գտնվում էր Հայաստանի մարզկոմիտեի շենքի առաջին հարկում (Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ) և այդ առումով առաջ էր անցնում մյուս մարզական գործընկերներից (Իգոր Նովիկով՝ հնգամարտի դպրոց, Վլադիմիր Ենգիբարյան՝ բռնցքամարտի դպրոց), բայց այդքան աշխույժ վայրում չէին գտնվում։ Իսկ Ազարյանի դպրոցի մարզադահլիճի պատուհանները նայում էին Թումանյան փողոցին և ստիպում, որ անցորդները կանգնեն. բոլորին հետաքրքիր էր տեսնել փառապանծ մարզիկին աշխատանքի պահին։ Նայում էին, մտքերի մեջ ընկնում, հետո բերում երեխաներին ու թոռներին։
Իսկ Ազարյանը Կիրովականում (ներկայիս Վանաձորում) մի սովորական դարբնոցից էր սկսել․ դարբնի օգնական էր աշխատում։ Ի՞նչ էր դա նրան տալիս, բացի գումարից, որի կարիքը խիստ զգում էր նրա ընտանիքը։ Թույլերին մոտ չէին թողնում մուրճ ու զնդանին, իսկ այ ուժեղին դարբնոցն ավելի ուժեղ էր դարձնում։ Ազարյանը հետո պիտի դա զգար, իսկ ծնողներն ու մտերիմները տեսնում ու զարմանում էին։
Ազարյանը կարիերային-առևտրային նպատակներով կազմվածք ձևավորելու նպատակ չուներ, ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, ուսումնասիրենք դերասան, բոդիբիլդեր, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի լուսանկարը․ բանն այն է, որ Առնին օրինակելի մարմին է «կառուցել» մկանային զանգվածի ավելացման և զարգացման նպատակով «երկաթ ճոճելով», ինչպես նաև ստերոիդներ կուլ տալով։ Տպավորիչ է։ Իսկ եթե նայենք մեր մարզիկի փառքի տարիների լուսանկարին, բոլորովին այլ էսթետիկա է։
Անխոս, ժամանակն ամենազոր է, բայց Ազարյանը մինչև կյանքի վերջին տարիները լավ մարզավիճակում էր, իսկ նրա երկարակեցությունը նաև աշխատասիրության արդյունք էր՝ բազմապատկված առողջ ապրելակերպով: Աշխատանքը, ինչպես գիտենք, երկարացնում է կյանքը ոչ միայն սպորտում։
Նշեմ մինչև խոր ծերություն ապրածներին` նրանց, ովքեր առաջինն են մտքիս գալիս։ Ննկարիչ Մարտիրոս Սարյանը, քանդակագործ Երվանդ Քոչարը, գրող Սերո Խանզադյանը, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը և էլի շատ ուրիշներ երկար ապրեցին, որովհետև անխոնջ աշխատում էին: Ինչպես շարունակում է ֆուտբոլում մնալ լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։
Իսկ որ կովկասցիների գովերգված երկարակեցությունը բազմիցս վերագրվել է մաքուր օդին, լեռնային բարձունքներին, ձյունաճերմակ մածնին, դեռ քննարկել է պետք։ Սա հարցի միայն մի կողմն է, իսկ մյուսը՝ դուք երբևէ հանդիպե՞լ եք երկարակյաց-անբանների, զառամյալ-ծույլերի, ալարկոտ մարզիկների։ Ազարյանն այն երջանիկ դեպքն էր, երբ նա պետք էր սպորտին, մարդկանց, երկրին, և հարց չի էլ ծագել` արդյոք նա պետք է իր գործում ակտիվ մնա, թե ոչ։ Նա մնում էր։
«․․․Մինչև 90 տարեկան կապրեմ, հետո տեսնենք, ըստ ինքնազգացողության»,- իր 80-ամյակի օրը պատասխանել էր իր ապագայի ծրագրերի մասին հարցին։
2023 թվականի սեպտեմբերի 5-ին` մեկդարյա հոբելյանից վեց տարի առաջ, Ազարյանը հեռացավ կյանքից։ «Oղակների արքայի» աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում։