Շահրամանյանն Արցախի նախագահի միակ թեկնածուն է. Բաբայանի թեկնածության գրանցումը մերժվել է

Արցախի ԱԺ–ն հայտնել է, թե ինչն է եղել Սամվել Բաբայանի թեկնածության դիմումը վերադարձնելու և մերժելու պատճառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արախի Հանրապետության նախագահի թեկնածուն Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանն է։ Առաջադրվել էր նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն գրանցումը մերժվել է։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը երկրի նախագահի ընտրության հարցով հատուկ նիստ գումարելու մասին հայտարարություն է արել։ Նիստը կայանալու է սեպտեմբերի 9-ին` ժամը 11։00-ին։
«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին»,– ասված է հաղորդագրությունում։
Սամվել Բաբայանին Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել և մերժվել։
Նշվում է, որ պատճառը վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելն է եղել:
2023 թվականի մարտին Արցախի Ազգային ժողովն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ խորհրդարանն իրավունք էր ստանում ռազմական դրության դեպքում ընտրելու երկրի նախագահին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։