ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լաչինի միջանցքի հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը նշված է նախարարի X- ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում։
«Հայաստանը վերահաստատել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի (որպես Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհի) շրջափակումը Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման շրջանակներում վերացնելու վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։
Հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը։
Ավելի ուշ Յուրի Քիմը ևս գրառում արեց X–ի իր էջում` նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միասին աշխատել, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացեն Լաչինի և այլ երթուղիներ՝ Լեռնային Ղարաբաղ խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռներ հասցնելու համար»,– գրել է Քիմը։
Ապա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարը ևս մեկ գրառում արեց այն մասին, որ կառուցողական զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ հասցնելու համար Լաչինի և այլ երթուղիների անհապաղ ու միաժամանակյա բացման վերաբերյալ:
«Երթուղիների բացումն ու ուղիղ բանակցությունները չկարգավորված հարցերի լուծման բանալին են»,– գրել է Քիմը։
Նա նաև ողջունել է արցախցի երեք ուսանողների ազատ արձակումը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։