ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ներկայում դժվար ժամանակներ են ապրում,և դա չի կարելի չընդունել։ Այս մասին հայ–ռուսական առաջին մեդիաֆորումի ժամանակ ասաց «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
«Սա չէր կարող չանդրադառնալ մեր երկրների միջև հարաբերությունների վրա։ Լրատվամիջոցների ու փորձագիտական հանրության ուսերին դրված է ուսումնասիրելու, արտացոլելու և առաջացող խնդիրների լուծումներ գտնելու կարևոր առաքելություն։ Այս ամենի համար ամենաարդյունավետ տարբերակը համատեղ քննարկումներն են»,– նշեց Ծառուկյանը։
Նա վստահեցրեց` բարձրաստիճան մասնագետների գնահատականներն ու մեկնաբանությունները կնպաստեն բազմաթիվ հարցերի ուսումնասիրությանը և թույլ կտան ավելի լավ ճանաչել միմյանց։
«Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենը նաև ընդգծեց, որ մեդիաֆորումի ընթացքում անցկացվող քննարկումների արդյունքում ռուս գործընկերների հետ համագործակցության մասին հայտարարություն կստորագրվի։
Ըստ նրա` սա ևս մեկ կարևոր քայլ կլինի 2 երկրի լրատվամիջոցների միջև համագործակցության խորացման համար։
Գոռ Ծառուկյանը շեշտեց` ԶԼՄ–ների համագործակցությունը նույնքան կարևոր է, որքան մեր երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվում է հայ–ռուսական մեդիաֆորում, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ: