Դադարեցվել է Երևանում գտնվող բենզալցակայաններից մեկի գործունեությունը, այն ապամոնտաժվել է

Բենզալցակայանի ապամոնտաժում Երևանում
Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դադարեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի փողոց 𝟐/𝟓 հասցեում գտնվող բենզալցակայանի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմինը։
Հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել նշված բենզալցակայանում և հայտնաբերել հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
«Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 8-ին տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվել է, և այն ապամոնտաժվել է։
Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։