Ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե Լաչինի միջանցքի մոտ առևանգված արցախցի Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն ինչպես են վերադառնում Հայաստան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգված, այնուհետև Բաքվում ձերբակալված երեք երիտասարդներն այսօր ազատ են արձակվել։ Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի 3 բնակիչներին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում։
Հրապարակված տեսանյութում տղաները զինվորականների ուղեկցությամբ նստում են ավտոմեքենան և ուղևորվում Հայաստան։
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկություն տարածեց, թե 3 երիտասարդներ ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։
Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։