ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գրանցված գործազուրկների թիվը 2023 թվականի հուլիսին, ինչպես նախորդ ամիսներին, կրկին ամենամեծն է եղել Եվրասիական միությունում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժինը հայտնում է, որ Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 3,4%, Ղազախստանում՝ 3,1%, Ղրղզստանում՝ 2,7%, Ռուսաստանում՝ 0,7%, Բելառուսում՝ 0,1%: Հայաստանում պաշտոնապես աշխատանք փնտրող գրանցված քաղաքացիների բացարձակ թիվը մեկ տարում նվազել է 4 հազարով (2022 թվականի հուլիսի համեմատ)` կազմելով 44,3 հազար։
Նշենք, որ Հայաստանում գործազուրկների հիմնական մասը գրանցված չէ զբաղվածության ծառայությունում, ինչը հաստատում են նաև աշխատաշուկայի ուսումնասիրությունները, որոնց հիման վրա ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակում է գործազրկության ընդհանուր տվյալները:
Այս տվյալները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով որոշակի ուշացումով։ 2023 թվականի առաջին եռամսյակում (առկա վերջին տվյալները) Հայաստանում ընդհանուր գործազրկությունը կազմել է 13,7%:
Անցյալ տարի գործազրկությունը նվազել էր ռուսաստանցիների ներհոսքի պատճառով, ինչը ծառայությունների ոլորտում զբաղվածության աճ էր առաջացրել: Այսպիսով աշխատաշուկան «գերտաքացել» էր, քանի որ աճում էր աշխատողների թիվը, բայց ոչ ապրանքների արտադրությունը։ Գնաճը կանխելու համար ԿԲ-ն մի քանի անգամ բարձրացրեց առանցքային տոկոսադրույքը։ Արդյունքում (ոչ միայն, այլև այդ պատճառով) տնտեսության մեջ պահանջարկը սկսեց դանդաղել, գնաճը նվազեց, իսկ աշխատաշուկան մի փոքր «սառեց»։
Ավելացնենք, որ ԵԱՏՄ մյուս երկրներն արդեն հրապարակել են երկրորդեռամսյակի ցուցանիշները` Ղրղզստանում ընդհանուր գործազրկությունը կազմել է 4,9%, Ղազախստանում՝ 4,7%, Բելառուսում՝ 3,4%, Ռուսաստանում՝ 3,2%: