ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սեպտեմբերի 4-17-ն անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշայինների մրցավեճում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում 142 կգ արդյունքով բրոնզե մեդալ վաստակեց, հրում վարժությունում նույն արդյունքին հասավ՝ բարձրացնելով 170 կգ և երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց 312 կգ արդյունքով։
Այս տարի Գոռ Սահակյանն արդեն զարմացրել է շատերին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այն ժամանակ 19-ամյա Գոռը պոկում և հրում վարժություններում, ինպես նաև երկամարտում նվաճեց միայն ոսկե մեդալներ։ Աշխարհի առաջնությունում սակայն 20-ամյա ծանրորդի մրցակիցները անհամեմատ ուժեղ էին։
Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 140կգ, հետո փոխեց 142կգ ու ձախողեց մոտեցումը։ Երկրորդ փորձն էլ աանարդյունավետ ստացվեց հայ ծանրորդի համար, և արդեն վտանգ կար վարժությունում և հետևաբար նաև երկամարտում զրո ստանալու։ Երրորդ մոտեցման ժամանակ մեծ դժվարությամբ Սահակյանը բարձրացրեց 142 կգ կշռող ծանրաձողն ու նույնիսկ ժեստերով ցույց տվեց, որ իր համար էլ անհասկանալի էին առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ անհաջողությունները։ Ինչևէ, 142 կգ-ը Գոռին ապահովեց բրոնզե փոքր մեդալը պոկում վարժությունում։ Այդ վարժությունում 153 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց չինացի Չեն Լիժունը, իսկ արծաթը բաժին հասավ B խմբում հանդես եկած ինդոնեզացի Էկո Յուլի Իրավանին։
Հրում վարժությունում Գոռը առաջին մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 170 կգ-ոց ծանրաձողը։ Երկրորդ մոտեցման ժամանակ էլ նույն պատմությունը, և նորից հայ ծանրորդը մեկ մոտեցում ուներ երկամարտի արդյունք ձևակերպելու համար։ Երրորդ մոտեցման ժամանակ Սահակյանը բարձրացրեց քաշն ու նկատելի էր, որ հայ ծանրորդը ոչ թե ֆիզիկական ինչ-որ խնդիր ունի, այլ հոգեբանական։ 170 կգ-ը բարձրացրեց ու երկամարտում ստացավ 312կգ արդյունք։ Այս արդյունքը բավարար եղավ մեր մարզիկին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալու համար, բայց նշենք, որ իրենց ձախողումներով Գոռին «օգնեցին» նրա մրցակիցները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելյա Յայլյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցությունից առաջին մոտեցումից հետո, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 190կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։
Հայաստանի հավաքականի կազմում հաջորդ մրցելույթը Էր Ռիադի մրցահարթակում լինելու է սեպտեմբերի 11-ին։ Այդ օրը մեդալների համար պայքարին կմասնակցեն նախ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, մեկնարկը՝ 17:30), ապա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, մեկնարկը՝ 20:00)։