ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ–ում ԵՄ առաքելության թվիթերյան էջից։
Նշվում է, որ ակտիվացման նպատակը դիտարկելն է ցանկացած ռազմական զարգացում։
«Տեղում մեր ներկայության միջոցով ձգտում ենք նպաստել լարվածության թուլացմանը և ապահովել իրավիճակի մասին անաչառ լուսաբանումը»,–նշված է թվիթում։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: