ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի` Հարավային Կովկասից դուրս գալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տարօրինակ է և պետական դիվանագիտության տեսանկյունից արտառոց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Փաշինյանի` «La Repubblica» իտալական պարբերականին տված հարցազրույցում ՌԴ–ի վերաբերյալ արված հայտարարություններին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իտալական պարբերականին ասել էր, թե պատմության մեջ եղել են օրինակներ, երբ Ռուսաստանը լքել է Հարավային Կովկասը։ Նրա խոսքով` կան գործընթացներ, որոնք հանգեցնում են այն մտքին, որ նույն սցենարը կարող է կրկնվել ու կարելի է առավոտյան արթնանալ և տեսնել, որ ՌԴ–ն այլևս տարածաշրջանում չէ։ Նա շեշտել էր, որ այդ հանգամանքը մտահոգում է հայկական կողմին։
«Երբ պետության ղեկավարն իր կարգավիճակը մոռանում է ու սեփական երկրի օրակարգի և պատասխանատվության մասին խոսելու փոխարեն սկսում է փորձագիտական եզրահանգումներ անել, պետք է կոշտ արձագանքի սպասել Մոսկվայից։ Սա, մեղմ ասած, տարօրինակ է և ականջի համար բավական անսովոր։ Այդ հարցազրույցում նա ակնարկներ է արել նաև արևմտյան երկրների մայրաքաղաքներին, և նրանցից էլ կարելի է կոշտ արձագանքի սպասել։ Պետության ղեկավարը 45 րոպե խոսում է և միջին կարգի փորձագիտական վերլուծություն է ներկայացնում։ Պետական դիվանագիտության պատմության մեջ ես այս երևույթն արտառոց եմ համարում, այսպիսի բան չեմ հիշում, հատկապես փոքր պետության պարագայում»,– նշեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` գերտերությունների ղեկավարները, իրենց ռեսուրսներից ելնելով, կարող են փոքր երկրների վարքագծին գնահատականներ տալ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, որն իր ունեցած ռեսուրսներով անգամ իր սահմանները չի կարողանում ինքնուրույն պաշտպանել, քննարկում է` արդյոք որևէ գերտերություն տարածաշրջանից դուրս կգա, թե ոչ։
«Չգիտեմ, թե ինչու է այս իշխանությունը Ռուսաստանի` երկրից կամ տարածաշրջանից դուրս գալու մասին հայտարարություններ անում։ Չեմ հիշում դեպք, որ նախորդ 3 ղեկավարների օրոք Ռուսաստանին, ԱՄՆ–ին կամ Եվրոպային նման գնահատականներ տրվեին։ Բոլորն էլ, անկախ իրենց քաղաքականության որակից և գործունեության արդյունավետությունից, միշտ ասել են, թե Հայաստանն ինչ պետք է անի կամ ինչ ակնկալիքներ ունենք»,– շեշտեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ռուսական կողմը բավականին կոշտ արձագանքներ է տվել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ իրենք հարգում են Փաշինյանին, սակայն համաձայն չեն նրա թեզերի հետ և վստահեցրել` Ռուսաստանն այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի գնալու և չի հեռանալու Հայաստանից։