ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Խոր կսկիծով ընդունեցի հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան լուրը: Ազարյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլ նաև սպորտի համաշխարհային մակարդակում։ Նվաճումներ, որոնք բացառիկ են մարմնամարզության պատմության մեջ, այդ թվում՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը, որը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»»,– ասված է հաղորդագրությունում:
Ուղերձում նա նշել է, որ Ազարյանը մարդ-լեգենդ էր, որը ոգեշնչող օրինակ ու ուսուցիչ է եղել բոլոր մարզիկների համար, ինչպես նաև հայկական սպորտի փառքն ու հպարտությունը կազմող անհատներից էր։ Փաշինյանը շեշտել է, որ Ալբերտ Ազարյանի նվաճումներն ու մարմնամարզության զարգացման գործում ներդրած ավանդն անգնահատելի են:
«Իմ ցավակցություններն եմ հայտնում պարոն Ազարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, հայկական սպորտի բոլոր ներկայացուցիչներին անվանի մարզիկի մահվան կապակցությամբ»,– նշվում է ցավակցական ուղերձում:
Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 5–ին, կյանքի 94-րդ տարում մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։