Երևանում հայ-ռուսական հարաբերությունների թեմայով միջազգային խորհրդաժողով կանցկացվի

Ժասմինա Ղևոնդյան
«Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարությունն ընդգծում է, որ ՀԿ-ի նպատակը հայ- ռուսական փոխգործակցության ընդլայնումն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերին Երևանում հայ-ռուսական հարաբերությունների թեմայով միջազգային խորհրդաժողով կանցկացվի: «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» ՀԿ-ի նախագահ Ժասմինա Ղևոնդյանն այդ մասին հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ:
«Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» հասարակական կազմակերպությունը, որի գործընկերը Մոսկվայում 2006 թվականից գոյություն ունեցող Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերությունն է, ներկայացվել է օգոստոսի 29-ին:
Կազմակերպությունը բաղկացած է 25 անդամից, որոնցից 7-ը գիտությունների թեկնածուներ են, 2-ը՝ գեներալներ և գնդապետներ, 3-ը՝ արվեստի վաստակավոր գործիչներ:
«Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի սառեցում է նկատվում, ինչը միտումնավոր իրականացվում է որոշակի ուժերի կողմից։ Կազմակերպության նպատակն է թույլ չտալ նման բան, համագործակցություն հաստատել մշակույթի, գիտության, կրթության, սոցիալական և գործարար ոլորտներում»,-ասաց Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունում ստեղծվել են համապատասխան ուղղություններով ենթախմբեր, որոնք արդեն սկսել են աշխատանքը։ Կազմակերպության ներկայացուցիչները նախատեսում են խորհրդաժողովին հրավիրել միջազգային փորձագետների և հուսով են, որ մինչ այդ ՀՀ մուտք գործելու արգելքը կհանվի ռուսաստանցի մի շարք անձանց համար, որոնց թվում են Կոնստանտին Զատուլինը և Վիկտոր Կրիվոպուսկովը:
Նախատեսվում է նաև բաց դասեր կազմակերպել Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան) գրքով: Ղևոնդյանը նշեց, որ Հայաստանում տևական ժամանակ առաջ է մղվում այն կարծիքը, թե Ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Թուրքիան կռվում էր Ռուսաստանի հետ, հայերը ռուսամետ էին։
Մորգենթաուն իր գրքում փաստացի հերքում է այդ կարծիքը։ Նա գրում է, որ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը Աբդուլ Համիդի (Թուրքիայի սուլթան 1876-1909 թթ.) քաղաքականությունն էր։ Սուլթանը կարծում էր, որ պետք է ոչնչացնել բոլոր նվաճված երկրների բնիկ ժողովուրդներին, Մորգենթաուն գրում է նաև Վանի ապստամբության մասին և թե ինչպես է Ռուսաստանը օգնության հասել:
«Ռուսաստանի դուրս մղումը տարածաշրջանից հղի է ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ-ի մասնատմամբ՝ հաշվի առնելով Թուրքիայի կայսերական նկրտումները»,-ասաց Ղևոնդյանը:
Նա նաև ընդգծեց, որ կազմակերպությունը մինչև 2023 թվականի ավարտը նախատեսում է թարգմանել Իվան Սեմյոնովի «Ռուսաստանի դերը Հայաստանի պատմության մեջ» գիրքը, ինչպես նաև մի շարք համատեղ միջոցառումներ անցկացնել: