ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Լույս աղջիկ, որը ժպտալու ուժ և լավատեսություն էր գտնում կյանքի ամենադժվար պահերին անգամ. այսպես են ընկերներն ու գործընկերները բնութագրում Հելեն Դադայանին։ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հելենն արդեն մոտ մեկ տարի է` տանը չէր եղել, հիմա էլ մարմինը չեն կարողանում հայրենի Ճարտար հասցնել։ Գյումրի–Երևան ճանապարհին օգոստոսի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված Հելենի մարմինն արդեն 3 շաբաթից ավելի է` Գորիսի դիահերձարանում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնեցին, որ հարցը դեռ լուծված չէ։
Ընկերներն ասում են` Հելենը բազմաթիվ երազանքներ ուներ, որոնցից մեկն ամբողջ աշխարհը տեսնելն էր։ Իր մեծ ուղևորությունն էլ ծրագրել էր Արևմտյան Հայաստանից սկսել. պլանավորել էր հաջորդ տարի Կիլիկիա գնալ...
Հելեն Դադայանը
© Photo : provided by Syuzanna Grigoryan
Հելենի հարազատ համալսարանի չորրորդ հարկում, որտեղ նաև նրա աշխատասենյակն էր, վերջին օրերին բոլորը ցածրաձայն են խոսում, անցնելիս անպայման կանգ են առնում Հելենի հիշատակի անկյունի մոտ, որտեղ նրա լուսանկարներն են ու սիրելի պնդուկները։
Հելենը «Եվրասիա» համալսարանի կառավարման ֆակուլտետի ավարտական` 4-րդ կուրսի ուսանող էր, ցանկանում էր կրթությունը շարունակել մագիստրատուրայում։ Սովորում էր գերազանց, համալսարանի լավագույն ուսանողներից էր, անվանական կրթաթոշակառու, անցյալ տարի էլ «Էրազմուս +» ծրագրով 6 ամսով Պորտուգալիա էր մեկնել։ Սովորելուն զուգահեռ արդեն մի քանի ամիս է` աշխատում էր Կառավարման ամբիոնում։ Վարիչի օգնականն էր։
Հելեն Դադայանի հիշատակի անկյունը
© Sputnik / Aram Nersesyan
«Ինչքան հավաքվում էինք, ընկերներով տեղ էինք գնում, Հելենն ասում էր` ժամանակ չունեմ, աշխատում եմ, չեմ հասցնի գալ, իսկ հիմա արդեն միշտ մեզ հետ է...»,– ասում են ընկերուհիները։
Հելեն Դադայանի ընկերուհիները
© Sputnik / Aram Nersesyan
Հելենն ու Սյուզին հանդիպեցին 3 տարի առաջ, երբ համալսարան ընդունվեցին։ Սյուզին Հրազդանից էր եկել, Հելենը` Արցախից, Որոշեցին միասին բնակարան վարձակալել։ Սյուզին խոստովանում է` սկզբում այնքան էլ լեզու չէին գտնում. Հելենն ավելի ակտիվ էր, սիրում էր շփվել, խոսել, պատմել, և պատմությունների առանցքում հաճախ Արցախն էր, ինքն ավելի ինքնամփոփ է, բայց հետո շատ արագ ընկերացան։
Հելեն Դադայանի ընկերուհին` Սյուզաննա Գրիգորյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Երբ սկսեցինք միասին ապրել, ասաց` ես հույս ունեի, որ դու գոնե ճաշ եփել կիմանաս, որովհետև ինքը չգիտեր, բայց դե ես էլ չգիտեի։ Մի կերպ սկսեցինք համատեղ կենցաղը գլուխ բերել։ Ի վերջո, ես էի եփում, որովհետև չիմանալով հանդերձ` իրենից շատ գիտեի»,– ասում է Սյուզին։
Պոզիտիվը
Հելենը ցանկացած իրավիճակում կարողանում էր դրականը տեսնել, հավատալ՝ բարին հաղթելու է չարին։ Այդպես էր նաև Արցախի շրջափակման հարցում․ թեպետ արդեն գրեթե 1 տարի տանը չէր եղել, ընտանիքի անդամներին չէր գրկել, բայց վստահ էր՝ շուտով հարցը կլուծվի, ճանապարհը կբացվի, ինքն էլ տուն կգնա։
Միայն ամենամտերիմները կարող էին Հելենի դեմքի արտահայտությունից հասկանալ նրա ապրումները, այն անհանգստությունը, որ ուներ Արցախի համար։ Ներսում եղածը երբեք ցույց չէր տալիս, պարզապես ժպտում էր ու անցնում առաջ։
Հելեն Դադայանն ընկերուհու` Սյուզաննա Գրիգորյանի հետ
© Photo : provided by Syuzanna Grigoryan
Ջոնիկը
Հելենն առանձնահատուկ կապված էր իր շան` Ջոնիկի հետ, որը ևս շրջափակված Արցախում էր մնացել։
«Տուն էր զանգում, առաջինն ասում էր՝ Ջոնիկն ո՞ւր ա, ո՞նց ա, Ջոնիկին ցույց տվեք։ Ասում էի՝ Հելեն, ճիշտն ասա, տնեցիքին ես ավելի շատ կարոտե՞լ, թե՞ Ջոնիկին»,- պատմում է Սյուզին։
Անգամ նոթբուքի գաղտնաբառն էր Ջոնիկ։ Առհասարակ կենդանասեր էր, խանութից կեր էր գնում ու փողոցային շներին, կատուներին կերակրում։
Քնկոտ, բայց պարտաճանաչ
–Հոբբի ունե՞ր,–հարցնում եմ։
–Հելենի հոբբին ու տարերքը քնելն էր,– կատակում են ընկերները,–կարող էր օրը 24 ժամ քնել։
Քնում էր, բայց բոլոր գործերը հասցնում էր ժամանակին։
Ասում են` կարող էր 1 ժամում մի ամբողջ օրվա աշխատանքն անել։ Շատ պարտաճանաչ էր, Հելենի վրա միշտ կարելի էր հույս դնել։
Վերջին ուղևորությունը
Արևմտյան Հայաստան ուղևորության մասին խոսում էր ամիսներ շարունակ։ Ընկերները ծրագրել էին Վրաստան գնալ, բայց ինքը որոշեց՝ նրանց չի միանա, կգնա երազանքն իրականացնելու։
«Ասացի՝ ինչո՞ւ հենց Արևմտյան Հայաստան, միայն տատիկ–պապիկներն են էնտեղ գնում, ասաց` չգիտեմ, ինձ մի տեսակ կանչում է»,– պատմում է Սյուզին։
Մյուս ընկերուհուն` Մերիին դիմելու առանձնահատուկ ձև ուներ Հելենը. ղաշանգ (սիրուն,–խմբ.) ընկեր Մերի։
Հելեն Դադայանի ընկերուհին` Մերի Թումանյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Գրել էի` խմբից հեռու չգնաս, չկորչես, հաց կուտես, ասաց` ինչ էի անելու առանց քեզ։ Բա հիմա ես ի՞նչ եմ անելու առանց քեզ․․․»,– ասում է Մերին ու լռում...
Հելենին աղջիկները վերջին հրաժեշտը չտվեցին։ Վթարի հենց հաջորդ օրը մորեղբայրը մարմինը տարավ, որ հուղարկավորեն հայրենի Ճարտարում, սակայն Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներն անգամ մարմինն են արգելում տանել Արցախ...
Հելենն ընտանիքի փոքրն էր. ունի մեծ քույր ու եղբայր։ Մի քանի օր առաջ նրա ծննդյան օրն էր, 21 տարեկան կդառնար...
Այսօր հայտնի դարձավ, որ Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել են ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ։