ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին, որից հետո այցելել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես և ոգեկոչել պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը` 17 տարեկան», – նշել է նա։
Հակոբյանն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են։
«Աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,– հավելել է ՀՀ վարչապետի կինը։
Նշենք, որ «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։
Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, Sputnik Արմենիան կապ էր հաստատել Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի հետ։ Նա ասել էր, որ ինքը տեղյակ չէ տիկնոջ անձնական այցերից, ամեն բան չէ, որ իրեն հայտնում են։