ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սոթքում վիրավորում ստացած զինծառայողի հետ

ՄԻՊ ներկայացուցիչները հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկել են վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները զինվորական հոսպիտալում տեսակցել են սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վիրավորում ստացած զինծառայողի, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամի հետ։
«Զինծառայողը պատմել է, որ սեպտեմբերի 1-ին ծառայություն է իրականացրել գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, երբ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են արձակել ինտենսիվ կրակոցներ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ։ Հենց այդ ժամանակ էլ, ՀՀ սահմանային բնակչության անվտանգությունն ապահովելիս, վիրավորում է ստացել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկել են վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերող հարցեր:
Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները՝ միջազգային գործընկերներին և իրավասու այլ մարմիններին ներկայացնելու նպատակով։
Օմբուդսմանի գրասենյակից հայտնել են, որ զինծառայողների առողջական վիճակը Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո է:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: