Մահացել է «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը

Ալբերտ Ազարյան
Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել է 94 տարեկանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը։ Պատիվ և երջանկություն էր լինել քո ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ, սիրելի՜ վարպետ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։