ՀՀ նախագահը դեսպաններից 3-ին հետ է կանչել և նոր նշանակումներ արել

Վահագն Խաչատուրյան
Ալեքսանդր Արզումանյանը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Լեհաստանում, իսկ Աննա Աղաջանյանը` Շվեդիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի դեսպաններից երեքին հետ է կանչել պաշտոններից և նոր նշանակումներ արել։ Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ այդ փաստաթղթերի` Խաչատուրյանը Աննա Աղաջանյանին հետ է կանչել Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Արզումանյանին` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Արզումանյանը։
Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։
ՀՀ նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել, որով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը, նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ–ում արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։
Հիշեցնենք` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2019 թվականի փետրվարին, իսկ Աննա Աղաջանյանը Բելգիայում ՀՀ դեսպանի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին։ Սամվել Մկրտչյանը Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան էր նշանակվել 2018 թվականի նոյեմբերին։