Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով

Սեպտեմբերին հատկապես Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում դեռևս կարող է հասնել +39...+40°С։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կանխատեսվում է, որ այս տարվա սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը` նորմայի սահմաններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում հանրապետության եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա դեռևս շարունակում են ազդել արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, իսկ երրորդ տասնօրյակից սկսած դրանց ներթափանցման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սեպտեմբերին հատկապես Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում դեռևս կարող է հասնել +39...+40°С, նախալեռնային շրջաններում՝ +35...+38°С, լեռնային շրջաններում՝ +30...+32°С:
Վերջին անգամ Երևանում սեպտեմբերի +39․․․+40°С աստիճան տաքություն գրանցվել է 2017թ-ին, իսկ 2021թ-ի սեպտեմբերին 2-ին Մեղրիում օդի ջերմաստիճանը հասել է +41°С։