ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
«Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել գործընթացին»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել է 66 քաղաքացիների դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։
Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ ներկայացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։