ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմը մասնակցում է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այն մեկնարկել է օգոստոսի 28-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 23-ը, անցկացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում։
«ՀՀ ԶՈւ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։ Նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։ Հայկական դաշտային հոսպիտալի բժշկական անձնակազմն ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին և հագեցվածությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։ «Միաձուլված սուր-2023»–ին մասնակցում է 17 երկիր:
Հայ ռազմական բժիշկները Գերմանիայում մասնակցում են զորավարժությունների
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia